Ադիլխան Երժանովը՝ «Ոսկե Ծիրան»-ի «Վարպետ» մրցանակի դափնեկիր

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի  «Aratashen winery» գիներանում:  Օրը հատկապես նշանավորվեց նրանով, որ հենց Aratashen Winery գիներանում կինոյում մեծ ավանդի համար «Վարպետ» մրցանակը հանձնվեց Միջին Ասիայի ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկին՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովին։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝ Aratashen Winery այցելելը փառատոնի գեղեցիկ ավանդույթներից է դարձել։

«Եվ այդ գեղեցիկ ավանդույթներից մեկն է նաև մրցանակի հանձնումն այս տարածքում։ Ամեն տարի «Ոսկե ծիրան»-ի շրջանակում մենք հանձնում ենք այս մրցանակը՝ հարգանքի տուրք մատուցելով այն վարպետներին, որոնք մեզ հետ են այստեղ։ Այս տարի մենք մրցանակը հանձնում ենք մի կինոարվեստագետի, որը հիացրել է մեզ և մենք հույս ունենք, որ այս մրցանակը կլինի մեր հետագա հարաբերությունների առհավատչյան»,- ասաց Կարեն Ավետիսյանը։

Adilkhan Erjanov 2

Մրցանակն Ադիլխան Երժանովին հանձնեց Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանը։

«Յուրատեսակ ավանդույթ է դարձել, որ այս մրցանակն ամեն տարի հանձնում է Մատենադարանի ներկայացուցիչը։ Մատենադարանը հին ձեռագրերի գիտահետոզոտական ինստիտուտ է, և առաջին հայացքից կինոյի հետ կապն այդքան ամուր չէ, բայց կինոյին և Մատենադարանին կապում է իրենց երկուսի՝ ազգային և համամարդկային լինելը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ հավաստիացնել, որ մեր ձեռագիր մատյաններում բազմաթիվ գեղեցիկ կինոսյուժեներ կան։ Եվ, ո՞վ գիտի, գուցե մենք առաջիկա տարիներին կարողանանք ըմբոշխնել որևէ ֆիլմ՝ հիմնված ձեռագրերի վրա»,- ասաց Վահե Թորոսյանը։

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայկ Պետրոսյանը և «Լիլլա» կամերային խումբը՝ իրենց կոմիտասյան կատարումներով, իսկ միջոցառումը եզրափակեց «Կարին» ավանդական երգի-պարի համույթը՝ հյուրերի հետ ավանդույթ դարձած քոչարիի շուրջպարով։

Ադիլխան Երժանովը համարվում է Ղազախստանի նոր ալիքի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, որի ֆիլմերը միաժամանակ միավորում են սոցիալական խորությունը, կինոքաղաքական ենթատեքստն ու գեղարվեստական բարձր արժեքները: Երժանովի հեղինակային առանձնահատկությունը նաև նրա ոճական համապատասխանություններն են, թեմատիկ խտությունը և մարդկային հոգեվիճակի էնթուզաստիկ արտահայտությունները:

«Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակում Երժանովը Common Ground-ում մասնակցեց նաև հանդիպման:

«Ես կարծում եմ, որ միայն ես չեմ, և կա երիտասարդ կինոռեժիսորների նոր սերունդ, որոնք ֆիլմեր են նկարահանում նոր Ղազախստանի մասին, այն մասին, թե ինչ է կատարվում երկրում: Իսկ ինձ համար ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում, ինչպիսի՞ մարտահրավերներ կան։ Ես կարծում եմ, որ ինչպես ամենուր, նոր տեխնոլոգիաները գոյություն ունենալու փորձեր են՝ կամ զարգանալու, կամ անցյալում մնալու: Ինձ թվում է, որ ավանդույթները և առաջընթացը ժամանակակից հասարակության երկու կարևորագույն գաղափարներն են: Ոմանք ավանդույթների կողմնակից են, ոմանք էլ առաջընթացի: Եվ սա գոյաբանական կոնֆլիկտ է, որովհետև մշտապես ուզում ես ավանդույթներին հետևել, և դա լավ է հասարակության պահպանման համար: Բայց եթե չլինի առաջընթաց, ոչ մի տեղ չես կարող գնալ, իսկ առաջընթացը մշտապես հրաժարվում է ավանդույթից, հինը կոտրում, դա միշտ ցավոտ է, և, հավանաբար, դրա մասին կլինի նոր կինոն Ղազախստանում: Սա գլխավոր հարցն է՝ հի՞նը, թե՞ նորը»,- ասաց Ա. Երժանովը:

Adilkhan Erjanov 3

Երժանովը երկու անգամ ներկայացվել է Կաննի փառատոնի պաշտոնական ծրագրում: 2019-ին արժանացել է Asia Pacific Screen Award «Achievement in Directing» անվանակարգին «A Dark, Dark Man» ֆիլմի համար: Նրա «The Owners»-ը ներառվել է Բոսանի միջազգային կինոփառատոնի՝ «100 լավագույն ասիական ֆիլմեր» ցուցակում (2015): Բազմաթիվ ֆիլմեր են ընտրվել և մրցանակներ ստացել միջազգային փառատոներում, այդ թվում՝ Berlin Talents, Locarno Open Doors, Cannes Atelier Cinefondation և այլք: Նրա ֆիլմերը հաճախ անդրադառնում են սոցիալական խնդիրներին, կառավարման համակարգի ճնշումներին, քաղաքի և գյուղի միջև բախումներին, ավանդույթներին և առաջընթացին:

Ալմաստ Մուրադյան

 

  • Created on .
  • Hits: 88

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: