Ամիր Նադերի. «Քամին ինձ տանում է, կարող եմ վերցնել տեսախցիկը և նկարել շարժումը»

Նրա ֆիլմերում լռությունը խոսում է բարձրաձայն, իսկ կադրերն ավելի վառ են, քան խոսքերը, բնությունն էլ հսկայական խորհրդանիշ է, որն անգամ վերածվում է կերպարի․ ահա օրինակ քամին, ջուրը, փոշին, արևը կարող են ուղեկցել մի հոգևոր փորձառության: Որոշ ֆիլմերում էլ իշխում է արվեստը՝ վերածվելով պայքարի, զոհաբերության համակարգի, որտեղ ամենուր ամենը խժռում է զանգվածային մշակույթը: Դրանցում հավաքական խնդիրը մեկն է՝ հասկանալ ու ցույց տալ, թե ինչպես են մարդիկ պայքարում ճնշող իրականության պայմաններում։ Դրա հետ մեկտեղ էլ հերոսները չեն նվաստանում, զոհեր չեն դառնում, այլ ցուցաբերում են բարոյական անսասան տոկունություն։ Լռությունն ու վիզուալ պոեզիան էլ ավելի խորհրդավոր են դարձնում ինքության կորստի, գոյության պայքարի, տարագրության, չքավորության մի շարք հիմնահարցեր:
Հսկայական կամքի ուժի տեր հերոսների տոկունության հետևում կանգնած է Ամիր Նադերին՝ էմոցիաների իրական հրաբուխ հիշեցնող իրանցի ռեժիսորը:
Ամիր Նադերին այս օրերին Երևանում է, իրանական կինոյի մասին խոսելու առիթները շատ են, բայց Նադերին այս անգամ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից մեկն է:
«Ինձ համար հրաշալի է այսօր լինել այստեղ և թարմ մտքեր փոխանակել: Ես պաշտում եմ այս փառատոնը և շնորհակալ եմ այս փառատոնին, որը գնահատել է իմ աշխատանքը»:
Ամիր Նադերին կոսմոպոլիտ մոտեցում ունի: Ապրել, ստեղծագործել և ստեղծագործում է նախ հայրենի Իրանում, ապա ԱՄՆ-ում, Ճապոնիայում, այժմ արդեն ավստրալական շուկայով է հետաքրքրված: Ինչպես ինքն է ասում՝ իրեն կինոն է մեծացրել: Վստահ է՝ չի ուզում հրաշալի ֆիլմ նկարել, այլ ասում է՝ սա է ուզում և իրեն նետում է մարտահրավերների:
«Ես ծնողներիս շուտ եմ կորցրել, առանց հայր եմ մեծացել, մորս կորցրել եմ վաղ հասակում, ինձ մեծացրել է կինոն: Վեց տարեկանից աշխատել եմ կինոթատրոններ մաքրել, ֆիլմեր դիտել և ֆիլմն իմ ԴՆԹ-ի անբաժան մասն է: Ես շատ ուշ եմ գնացել դպրոց և մինչ այսօր շարունակում եմ ինքնակրթվել: Տարիքի հետ զգացմունքներն ու զգացողությունները փոխվում են, իսկ ես ինքնակրթվում եմ ֆիլմերի միջոցով, քանի որ սկսել եմ կինոթատրոններում ցածրակարգ հաստիքներից»:
Ինչպե՞ս են այդ փոքրիկ երկխոսություններում տարածությունն ու բնապատկերն այդքան խոսուն: Ինչպիսի՞ն է Նադերիի ընտրությունը:
«Որպես ֆիլմարտադրող ես առաջինն ընտրում եմ ճիշտ տարածքը, հետո համապատասխանեցնում եմ սցենարին, ապա ընտրում եմ դերասաններին: Իրանում նկարահանած առաջին ֆիլմերով հաջողություններ չեմ ունեցել, դրանցում բաց տարածությունն էր ընտրված, ապա եկան Նյու Յորքը, Լաս Վեգասը, Ճապոնիան և այլ տարածություն ու բնապատկերներ բերեցին»:
Նադերին վաղ տարիքից հետաքրքրվել է լուսանկարչությամբ և կինոյով։ Որպես կինոռեժիսոր՝ նա ոգեշնչվել է Անրի Կարտիե-Բրեսոնի փորձառությամբ, ինչպես նաև իտալական նեոռեալիստական կինոյի գեղագիտությամբ, ինչպիսիք են տեղանքային նկարահանումները և ոչ պրոֆեսիոնալ դերասանները, ավելի ազատ պատմողական կառուցվածքները, աղքատ և բանվոր դասի մարդկանց ծանր վիճակի վրա կենտրոնանալը։ Նադերիի վաղ շրջանի ֆիլմերը ուսումնասիրել են նմանատիպ թեմաներ և տեսողական ռազմավարություններ, բայց դրանք արվել են իրանական կյանքի և մշակույթի համատեքստում: Դրանց հիման վրա էլ յուրահատուկ ոճով մշտապես Նադերին փնտրում է իրական բնապատկերները:
«Ես լեզվի մարդ չեմ, զգացմունքների մարդ եմ, օրինակ՝ ինձ հետաքրքրում է Բրեսոնը, նրանից շատ բաներ եմ սովորել, նա ինձ սովորեցրել է անհատական պատմությունները ներկայացնել: Ես շատ ֆիլմեր եմ դիտել և փորձել եմ մտքում իմ պատկերը ստեղծել: Ես տեսել եմ պատկեր և պրոեկտել իմ աշխարհի վրա: Իմ ֆիլմերը բազմաժանր են, և ի սկզբանե իմ սիրտը պետք է հավատա, որ ես կարող եմ անել ֆիլմը: ԱՄՆ-ում ութ ֆիլմ եմ նկարել, ես միշտ փորձում եմ աճել, զարգանալ և հասկանալ մարդուն, որը հայտնվել է այս անապատում: Իսկ ի՞նչ կա իմ ֆիլմերում, մի քանի տարրեր մշտապես կան այդտեղ՝ քամի, կրակ, օվկիանոս և փոշի: Ես երբեք քամու հետ երաժշտություն չեմ դնում, քամին ինքնին երաժշտություն է: Կրակի համար ևս քամի է պետք, ջուր է պետք: Քամին ինձ տանում է, կարող եմ վերցնել տեսախցիկը և նկարել շարժումը: Ճապոնիայում ես դասավանդում եմ, թե ինչպես կարելի է շարժումը բացահայտել: Ես ցույց եմ տալիս, թե ինչպես կարելի է օգտագործել տարածությունը և լռությունը: Ինձ համար շատ կարևոր է թեմատիկան, զգացմունքները»:
Երաժշտության մասին.
«Երաժշտության կիրառումը շատ կարևոր է, ես սիրում եմ նստել լսել ինչպես է անձրև գալիս, այդպես գալիս է Բախի երաժշտությունը, նոր մտքեր են գալիս: Լռությունը ևս ինձ համար երաժշտություն է: Սիրում եմ ձայնագրել ձայները, երբեմն նաև լռությունը, երբեմն էլ ձայնագրում եմ մտքումս: Սիրում եմ Վագների երաժշտությունը»:
Նադերին ֆիլմեր է նկարահանել իրանական հեղափոխությունից հետո։ 1984 թվականի «Վազորդը» ֆիլմը իրանական կինոյի այս շրջանի հիմնարար ֆիլմերից մեկն է։ «Վազորդը» լայն ճանաչում ստացավ միջազգային կինոփառատոներում և համարվեց Իրանի հայտնի «հետհեղափոխական արտ-հաուս» ֆիլմը: Քանի որ Նադերիի հերոսները շատ հաճախ նաև երեխաներ են, նրանք ստիպված են հասունանալ շատ վաղ՝ գոյատևելու համար։ Ահա, հենց «Վազորդը» ֆիլմի հերոսը՝ փոքրիկ տղան ևս, փողոցում ապրելով, տոկուն կամքով փորձում է հաղթահարել աղքատությունը: Այդպես Նադերին մշտապես ընտրում է սրտի կանչը:
«Իրականում սիրտը միշտ գտնում է իրենը, պետք չէ հաշվարկել: Ահա «Վազորդը» ևս վազում է ներսում, դրսում, դա մարտահրավեր է: Բախի մի մեղեդին տարբեր փոփոխություններ է անում, իմ հերոսն էլ»:
Անընդհատ սիրելով արագությունն ու մարտահրավերները՝ Նադերին երբեք հետ չի նայում: Այդպես էլ չվերադարձավ հայրենի երկիր, քանզի միշտ առաջ է նայում և այդտեղ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի տեսնում:
«Ես փորձել եմ վավերագրել այն, ինչը զգում եմ, ինչն իմ շուրջն է կատարվում: Ես քաղաքականացված չեմ, ես ապրում էի մի քաղաքում, տեսնում էի մի բան, ուզում էի նորություններ տեսնել, մշակույթն ընդլայնել, ապա գնացի Թեհրան, հետո երեք ֆիլմեր նկարեցի, ապա հասկացա, որ այլևս չեմ ուզում այդպես ֆիլմ նկարել, չեմ կարող ինձ խաբել: Ինձ պետք էր փոխել իմ տարածքը, որոշեցի նաև ընդլայնել աշխարհայացքս, երեխաների թեման նաև ընդլայնեցի: Ես որևէ պատճառով չեմ գնացել Իրանից: Սկզբում ես գնացի Լոնդոն՝ մի տեսախցիկով և տոմսով Կուբրիկին տեսնելու: Եղել եմ Փարիզում, Լոնդոնում: Երբ հասկանում ես, որ Իրանում «Վազորդը» նկարահանել ես, պատկերացումը տվել ես, հասկանում էի, որ Իրանում այն ինչ պետք է անեի, արել եմ: Քամին ինձ տարավ, դա նոր մարտահրավեր էր, ուզում էի նոր լեզու սովորել, գնացի Նյու Յորք՝ փորձելու իմ սեփական ֆիլմն անել»:
Հիշում է հանդիպումը Քյառուստամիի հետ, որի հետ երկար տարիներ են տարածք ու գաղափարներ կիսել, միմյանց ոգևորել ու ոգեշնչել:
«Նա ինձ լրիվ այլ ժանր սովորեցրեց: Ես որոշեցի երբեք ֆիլմ չանել մինչև այն չհիմնվի իմ կենսափորձի վրա: Իմ եսը, փորձը, խենթությունը, գույնը պետք է օգտագործեմ ֆիլմում: Որպես ռեժիսոր՝ գումարի կարիք կարող ես ունենալ, բայց ավելի շատ ազատության կարիք ունես և հենց այդ շրջանում սկսեցի ծաղկել»:
Ազդեցությունների մասին.
«Սիրում եմ ֆիլմ էդիթինգը, փոխել, խմբագրել հնչյունների վրա աշխատանքը: Օրինակ Գոդարն ինձ սովորեցրել է կոլաժներ ստեղծել և դրանց հիման վրա պատմություններ ստեղծել: Ես կինոստուդիայում չեմ սովորել, իսկ նրանից շատ բաներ եմ սովորել»:
Հերոսների մասին.
«Ես շատ եմ կարևորում հոգին, երբ մտածում եմ թեմայի շուրջ, մեկուսանում եմ, քայլում, մտածում, գրառումներ անում, հետո սրտիցս է գալիս, ձեռքս հպում եմ սրտիս և արձագանքը գալիս է, այդպես էլ ընտրում եմ դերասաններին: Այդպես էլ գտա «Վազորդը» ֆիլմի դերասանին: Ես քաստինգը մտքումս եմ անում և փնտրում եմ իմ նման մարդկանց, փնտրում եմ ազնիվ և ճշմարիտ մարդկանց: Ես իմ հերոսների հետ միասին տարվում եմ գաղափարներով և շարժվում եմ նրա հետևից, ես չեմ հայտնաբերում նոր բաներ, այլ հետևում եմ դրան»:
Իսկ ո՞րն է իրանական կինոյի յուրահատկությունը, հին ու նոր սերունդն ինչպես է ընկալում և ներյայացնում իրանական ֆիլմերը:
«Իմ ֆիլմերն Իրանում չեն հաջողվել, նրանք ատում էին ինձ: Իմ ֆիլմերից մեկը չընդունվեց Իրանում, այն չէր համապատասխանում իրենց պատկերացումներին, մարդկային զգացողություններին, մեկը հաջողվեց, քանի որ դերասանն էր հայտնի: Շատ կարևոր է նոր սերնդի արձագանքը, իմ ֆիլմերը հին սերունդը չէր ընդունում, իսկ նոր սերունդը եկավ և փրկեց իմ ֆիլմերը, ահա օրինակ հետհայաց ցուցադրություններ են կազմակերպել: Իրականում, երբ իմ առաջին ֆիլմերն էի նկարում, չէին հավատում, որ կարող եմ շարունակել: Հետո գնացի Լոնդոն, բացահայտեցի Գոդարին, նոր ձևեր սովորեցի, հետո իտական շրջանը եկավ, կուբրիկյան ֆիլմերը ևս ազդել են իմ վրա»:
Ֆիլմը կառուցելիս, ցուցումների փոխարեն էլ, Նադերին օգնում է, այնքան, մինչև հերոսները դառնում են «Ամիրներ»:
«Ես ֆիլմերի եմ վերածում այն երևույթները, որոնք որպես փորձառություն ես կրում եմ իմ մեջ: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այլ փորձում եմ հերոսներին բռնել իմ փորձից: Ես նրանց չեմ ասում՝ սա արա՛, այն արա՛, ասես զրուցում եմ նրանց հետ: Սրտումս եմ պահում, ասես ինչ-որ պահի նրանք նմանվում են ինձ, հայտնվում են ինձ հետ այլ մոլորակում և դառնում են Ամիր: Ես չեմ վերահսկում նրանց, այլ նպաստում եմ, որ բացվեն: Միջավայր եմ ստեղծում»:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 126