«Ոսկե Ծիրան»-ի «Փարաջանովյան թալեր»-ի մրցանակակիրը Աբդերահման Սիսակոն է

Երևանի 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ամփոփեց կինոտոնն ու մրցութային շաբաթը: Հուլիսի 19-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Հայտնի են մրցանակակիրները. Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան»-ի արժանացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա) ֆիլմը։ Արծաթե ծիրանի արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը:

Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի երգեր» (Ուկրաինա/Դանիա/Շվեդիա/Ֆրանսիա) ֆիլմը։ «Ծիրանի կորիզ» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Գոռ Առուշանյանի «Մայրենիքը» (Հայաստան/Լեհաստան)։ Արծաթե ծիրանի արժանացավ Զաք Դեմիրճյանի «Օձի ապուրը» (Հայաստան)։ Հատուկ հիշատակման արժանացավ Արեգ Ազատյանի «Աշխարհը մերն ա» (ԱՄՆ/Հայաստան) ֆիլմը։ FIPRESCI-ի մրցանակ ստացավ Մորադ Մոստաֆայի «Այշան չի կարող թռչել հեռանալ» (Եգիպտոս/Սուդան/Թունիս/Սաուդյան Արաբիա/Կատար/Ֆրանսիա/Գերմանիա) ֆիլմը:

Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրան մրցանակի արժանացավ Սեպիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր» (Ֆրանսիա/Պաղեստին) ֆիլմը։ Արծաթե ծիրան ստացավ Սայիդ Նուրիի «Թեհրան․ անավարտ պատմություն» (Իրան) ֆիլմը։ 

Հատուկ հիշատակման արժանացավ Զարդաշտ Ահմեդի «Տիգրիս գետի առյուծները» (Նորվեգիա/Նիդերլանդներ) ֆիլմը։ Փառատոնի հառուկ «Վարպետ» մրցանակը հանձնվեց  հունական Նոր ալիքի համահիմնադիր, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակ, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսոր, փառատոնի ժյուրիի անդամ Աթինա Ռախիլ Ցանգարիին։ «Փարաջանովյան թալեր» մրցանակը կինոյում ունեցած վաստակի համար հանձնվեց ժյուրիի նախագահ, Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոյին։ Փառատոնի հատուկ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվեց նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանին։

Abderahmane Sissako 2

Մինչ փակման արարողությունը, «Փարաջանովյան թալեր»-ի մրցանակակիր Աբդերահման Սիսակոն հանդիպման ընթացքում պատմեց իր անցած բարդ ու դժվարին ուղու, իր առջև ծառացած մարտահրավերների մասին: Սիսակոն նաև «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է։ Սիսակոն հանդիսացել է Բեռլինի և Կաննի կինոփառատոնների ժյուրիի անդամ, ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի հանձնաժողովը։  2015 թվականին նրա «Տիմբուկտու» ֆիլմն արժանացել է երեք «Սեզար» մրցանակի՝ լավագույն օրիգինալ սցենարի, լավագույն ռեժիսորի և լավագույն ֆիլմի համար։

Մավրիտանիայում դեռ վաղ հասակից վարպետը տարվել է թենիս խաղալով, հետաքրքրվել տեղացիներով, որոնք խորհրդային արժեքների կրողներ են եղել։

«Մի օր էլ թենիսի ակումբի տնօրենն ինձ ծանոթացրեց համաշխարհային գրականության լավագույն նմուշներին։ Ես տարվեցի գրքերով, սիրում էի ռուս դասականներին։ Պետք է խոստովանեմ, որ Ֆ. Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»-ը մինչև վերջ չեմ կարողացել կարդալ, սակայն սիրով եմ ընթերցել «Ոճիր և պատիժ» վեպը, որն ինձ շատ գրավեց: Մի օր էլ թենիսի ակումբի տնօրենը հարցրեց, թե ինչ եմ ցանկանում դառնալ, պատասխանեցի՝ կինոռեժիսոր։ Մեկ ամիս անց նա եկավ և ասաց, որ հնարավորություն կա Մոսկվայում սովորելու։ Ինձ մայրս ու հայրս են կրթել։ Նրանք հետաքրքիր մարդիկ են և արել են ամեն բան, որ չկորցնեմ արդարության զգացումը։ Երբ պետք է մեկնեի Մոսկվա, մայրս ասաց, որ չգիտի, թե ուր եմ գնում, գաղափար չունի, բայց ուզում է, որ օգնեմ մարդկանց։ Մտածում էի՝ ախր ինքս օգնության կարիք ունեմ, ինչպե՞ս եմ օգնելու այլ մարդկանց, բայց մորս խոսքերն ինձ համար մեծ նշանակություն ունեին։ Իմ գործունեության ընթացքում միշտ հետևել եմ այդ գաղափարին»,- ասաց Սիսակոն:

Ինչպե՞ս կայանալ ոլորտում, ինչպես ընտրել ճիշտ կինոդպրոցը: Սիսակոն պատասխանում է՝

«Ես վստահ չեմ, որ կինոդպրոցը կդարձնի լավ կամ վատ մասնագետ: Ես շատ բաներ սովորել եմ ֆիլմերից, կյանքից, մարդկանցից: Ուղղակի կարևոր էր, որ ես հասկանայի՝ ինչու եմ որոշել դառնալ ֆիլմարտադրող: Առաջին պատճառն այն է, որ ես կարող եմ բացել պատասխաններ: Իսկ եթե կասկածում ես, ապա կարող ես չշարունակել: Բայց կասկածելը շատ կարևոր է, եթե կասկածում ես, ուրեմն սովորելու տեղ կա: Ամենակարևորը, որ դու հավատաս ինչ-որ բանի ու հավատաս քո նպատակին: Ինձ համար ամենակարևորը ինքդ քեզ հավատարիմ մնալն է: Ֆիլմն ինձ համար անհրաժեշտություն չի եղել, կամ հարստանալու միջոց: Երբ ես նոր էի սկսում, շատ ֆիլմեր էի դիտում, հաճախ ամեն օր ֆիլմեր դիտելով՝ տխրում էի դրանց շուրջ: Մտածում էի՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով եմ գնում: Ահա հենց այս ճանապարհն է կինոդպրոց»:

Ինչպե՞ս է ընտրում դետալները, արդյոք դրանք ամենակարևոր տարրե՞րն են:

«Դետալները շատ կարևոր են: Ես փորձում եմ պարզ բաներով ստանալ դետալներ: Ահա, օրինակ, վերցնում եմ թեյը և փորձում եմ դիպչել դրան: Սա հարգանքի նշան է, հարգանքը սեր է, սերը հարգանք է: Օրինակ «Սև թեյ» ֆիլմը ես ցանկանում էի ամբողջությամբ նկարել գիշերը, ես շատ եմ սիրում գիշերը: Եթե դետալը քեզ հնարավորություն կտա, պետք է օգտագործել»,- ասաց Սիսակոն:

Սիսակոն իր արվեստի սիրահարներին նոր ֆիլմ է խոստանում: Աշխատում է Պուլիցերյան մրցանակակիր ստեղծագործության ադապտացիայի վրա: Կարծում է, որ կադրում ամեն ինչ ասված է, ու պետք է ֆիլմը համր լինի, ինչին գործընկերները համաձայնել են: Սիսակոյի համար համար համր ֆիլմն առանձնահատուկ տեղ է գրավում:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 94

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: