«Անհայտ նպատակակետ». Աբբաս Քիառոստամիի լուսանկարները ՀԱՊ-ում

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը կինոդիտումներից, մասնագիտական քննարկումներից, հանդիպումներից, շնորհանդեսներից զատ, այս անգամ յուրօրինակ հարգանքի տուրք մատուցեց նաև համաշխարհային կինոյի և մասնավորապես իրանական կինոյի խոշորագույն գործիչներից մեկին՝ Աբբաս Քիառոստամիին: Երևանյան փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի լուսանկարների «Անհայտ նպատակակետ» խորագրով ցուցահանդեսը։
Ցուցադրված են 28 սև-սպիտակ բնապատկերները, որոնք Քիառոստամին ստեղծել է տարիների ընթացքում: Դրանք արվել են ֆիլմերի նկարահանման վայրեր փնտրելիս։ Աշխատանքները տարբերվում են բնույթով ու ձևով, չեք գտնի վերնագրեր կամ տարեթվեր: Հիմքում ճանապարհներն են՝ ճանապարհներ, որոնք արտացոլում են բնությունն ու բնության հետ մարդու կապը, դեպի հեռուն փնտրելու տենչը: Հեռավոր ճանապարհներին ինչեր ասես, որ չեք պատկերացնի, որոշներն էլ անգամ այլաբանական խորհրդանիշների կարող են նմանվել:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Ոսկե ծիրան» փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը: Ցուցահանդեսի կարևորագույն հյուրերն էին նաև Քիառոստամիի ազգակիցները՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ֆիլմի ռեժիսոր, Կաննի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր Ջաֆար Փանահին և կինոփառատոնի պատվավոր հյուր և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Ամիր Նադերին:
Ցուցահանդեսի բացումն ազդարարեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ցուցահանդեսի համադրողն է արվեստաբան, ՀԱՊ-ի լուսանկարչության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց ցուցադրության բացման կապակցությամբ:
««Ոսկե ծիրան» կինոփառատոնը տարեցտարի փոփոխվում է, որը խոսում է ոչ միայն զարգացման, այլև աշխարհին համահունչ լինելու և միջազգային չափանիշներին համապատասխան՝ հայկական կինոյի դիրքավորման մասին: Սա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային որակավորման նշանն է, ինչի մասին փաստում է նաև սիրելի մաեստրոների՝ Ջաֆար Փանահիի, Ամիր Նադերիի ներկայությունը Հայաստանում: Կինոյի զարգացման ծրագիրը պետության օրակարգում է, և մենք աջակցում ու խրախուսում ենք փառատոնի կազմակերպմանը՝ ի թիվս մի քանի այլ փառատոների ու նախաձեռնությունների»,- ասաց Դ. Դանիելյանը:
«Անհայտ նպատակակետ» ցուցադրության շրջանակում անվանի ռեժիսորներ Ջաֆար Փանահինին և Ամիր Նադերին ուսումնասիրեցին իրենց գործընկերոջ գործերը, զրուցեցին նաև իրենց արվեստի սիրահար այցելուների հետ՝ նաև պատմելով պատմություններ իրանական կինոյի լեգենդ Աբբաս Քիառոստամիի մասին: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աջակցությամբ։ Հետաքրքիր է, որ լուսանկարների հավաքածուն Աբբաս Քիառոստամին անձամբ է նվիրաբերել կինոփառատոնին 2004 թվականին՝ Հայաստանում իր ֆիլմերի առաջին հետահայաց ցուցադրության ժամանակ։
«Այսօր մեծ վարպետներ ենք հյուրընկալել, որոնք համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներ են: Եկել են նրա համար, քանի որ մենք միշտ պաշտել ենք մեծ արվեստագետներին, հատկապես Աբբաս Քիառոստամիին, որը համարել է, որ մեր մեծ եղբայրն է: Երբ Աբբաս Քիառոստամին ամենաբարդ ժամանակներում Իրանից եկավ Հայաստան, նա ինձ տվեց մի ճանապարհ, որը հնարավոր չէ մոռանալ, նա նվիրեց մեր փառատոնին իր լուսանկարները: Այդպիսի շռայլ, մեծ սրտի մարդ շատ քիչ ենք տեսել: Կարծում եմ, որ մենք՝ հայերս մեր ողջ կյանքում կհիշենք նրան, կպահենք նրա գործերը և ամեն մի կինեմատոգրաֆիստ, որ կգա Հայաստան Իրանից, մեծ խոնարհումով կընդունենք»,- ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը:
«Ոսկե Ծիրան»-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի խոսքով՝ պատկերացրել են, որ կստեղծվի մեկ իրանական եռանկյունի, որն ամբողջացնելու համար պատկերասրահում էին երկու նշանավոր իրանցի ռեժիսորները՝ Ամիր Նադերին և Ջաֆար Փանահին:
«Մեզ համար մեծ պատիվ է լինել այստեղ և, իսկապես, ուրախացնող է այն հանգամանքը, որ իրական կինեմատոգրաֆիստները և մասնավորապես Քիառոստամին, այսքան հայտնի են Հայաստանում: Աբբաս Քիառոստամիի հետ մոտավորապես չորս տարի ապրել ենք մի տան մեջ, մինչև ստեղծել ենք մեր ֆիլմը»,-ասաց Ամիր Նադերին:
Այս լուսանկարներում իրեն բնորոշ ոճով Քիառոստամին ամրացնում է ճանապարհորդության գաղափարը, որպես մշտական պայքարի վկա՝ հավերժի ու հարաբերականի միջև, որի նրբագույն տարրը, անկասկած, բնությունն է: «Անհայտ նպատակակետ» ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 15-ը։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 87