«Մարդիկ պետք է ֆիլմերում գտնեն իրենց». Մարկո Մյուլեր

22-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 13-ին բացեց դռները կինոինդուստրիայի ներկայացուցիչների և կինոսերների առջև։ «Ոսկե Ծիրան»-ը նաև մի հարթակ է, որտեղ ոլորտի ներկայացուցիչները և կազմակերպիչները ներկայացնում են համաշխարհային կինոյում ունեցած փորձը։ Եթե ռեժիսորներին ու դերասաններին սպասում են կինոսերները, ապա ոլորտի մենեջերների համար շատ կարևոր է նաև մոտեցումները և համաշխարհային կինոփառատոններ կազմակերպած մասնագետների խորհուրդները։ Այս տարի փառատոնի նման տպավորիչ հյուրերից է Մարկո Մյուլերը։ Մյուլերի հետ հանդիպումը նման է մի յուրօրինակ տարածաժամանակային ճամփորդության, որտեղ մե՛րթ զրուցում ես Փարաջանովի հետ, մե՛րթ շրջում չինական կինոինդուստրիայում, մե՛րթ գնում Իրան՝ Աբբաս Քիառոստամիին և Ամիր Նադերիին ողջունելու, չնայած ոչ, ինչպես ինքը՝ Մյուլերը հիշեց՝ Նադերիին Նյու Յորքում է առաջին անգամ հանդիպել, իսկ հետո գնում ես հայաստանյան հանդիսատեսին քիչ թե շատ ծանոթ սովետական ու պոստսովետական կինո։ Մյուլերը բազմաթիվ փառատոններ է կազմակերպել, ինչպես «Ոսկե Ծիրան փառատոնի տնօրեն Կարեն Ավետիսյանը նշեց, օգնել է շատ ռեժիսորների բացահայտել։ Ուրախալի է, որ այս տարի Մարկո Մյուլերի աջակցությամբ էլ «Ոսկե Ծիրանը» հյուրընկալել է իրանական կինոյի ականավոր գործիչներից մեկին՝ ռեժիսոր Ամիր Նադերիին:
Փառատոնի կազմակերպիչները կարևորում են Մյուլերի ներկայությունը, որը եղել է նշանավոր Ռոտերդամի, Վենետիկի, Լոկառնոյի, Հռոմի, Պեկինի և այլ կինոփառատոնների գեղարվեստական ղեկավարը: Հետաքրքիր է, որ Մարկո Մյուլերը «Ոսկե ծիրան»-ի պատմության միակ փառատոնային գործիչն է, որն արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակի, քանզի համաշխարհային կինոյի ամենաազդեցիկ անհատականություններից է։
«Ոսկե ծիրան»-ի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում Մարկո Մյուլերը պատմեց փառատոնների իրագործումից, ֆիլմերի ընտրություններից և առաջացած դժվարություններից:
«Շատ ուրախ եմ այսօր այստեղ լինել և տեսնել բազմաթիվ երիտասարդների: «Ոսկե Ծիրան»-ը բարձր եմ գնահատում հատկապես այն բանի համար, որ մեծ տեղ է հատկացվում տարածաշրջանային կինոյին՝ նաև կարճամետրաժ ֆիլմերի ընտրության պարագայում»,- ասաց Մ. Մյուլերը:
Մարկո Մյուլերն առաջին անգամ հայտնի է դարձել որպես Վենետիկի, Ռոտերդամի և Լոկառնոյի կինոփառատոների պրոդյուսեր ու տնօրեն: 1992-2000 թվականներին ղեկավարել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը՝ նախաձեռնելով նորագույն կինոյի հետազոտական ծրագրեր: 2000-ականներից ակտիվ ներգրավված է եղել Չինաստանում երիտասարդ կինոռեժիսորների հետ Շանհայի, Մակաոյի կինոփառատոններում: Դասավանդել է Շանհայի կինոակադեմիայում, անդամակցել է Վենետիկի, Կաննի փառատոնների ժյուրիին:
«Լոկառնոյի փառատոնը ղեկավարելու ընթացքում մի ամբողջ կառուցվածք եմ փոխել, որով փառատոնն առաջնորդվում է մինչ օրս։ Նույնը նաև Վենետիկի փառատոնի մասին է։ Ես առավել մեծ հնարավորություններ բացեցի արտամրցութային ֆիլմերի համար։ Կան ռեժիսորներ, որոնք տաղանդավոր են, բայց պատրաստ չեն ներկայանալ մրցութային ծրագրերում, ուստի կարող են ընդգրկվել արտամրցութային ծրագրում և համարձակություն ձեռք բերել»,- ասաց Մարկո Մյուլերը:
Նրան հաճախ նկարագրում են որպես կինոփառատոնային նորարար, որը միացնում է Արևելքն ու Արևմուտքը, աջակցում է անկախ կինոյի զարգացմանը Չինաստանում: Չինաստանում Մյուլերի ղեկավարությամբ իրականացված կինոփառատոնները կարողացել են առաջ մղել չինական կինոմատոգրաֆիան: Մյուլերը համարվում է «Արևելքի ձայնը» եվրոպական կինոփառատոներում, որովհետև նա առաջիններից էր, որ համակարգված ու մշակութաբանական խորությամբ բացեց Արևելյան և հատկապես Ասիական կինոյի դռները Եվրոպայի առաջատար փառատոնների առջև։ Մյուլերը սկսեց ուսումնասիրել չինական, իրանական, թայվանական ու թուրքական հեղինակային կինոն դեռ 1980-ականներին, երբ Եվրոպայում դրանց մասին քիչ էր խոսվում: Նա նաև չինագիտություն է ուսանել, ուսումնասիրել արևելյան փիլիսոփայությունն ու գեղագիտությունը։ Այդ կերպ՝ նա կարողանում է իմաստավորել Արևելքի կինոյի լեզուն՝ առանց արևմտյան ֆիլտրերի:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 75