«Ես ընտրել եմ պայքարելով դիմադրելու որոշումը». Ջաֆար Փանահի

Այս տարի Կաննի 78-րդ կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին արժանացավ իրանական կինեմատոգրաֆի «նոր ալիքի» հայտնի դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմը: Բարդ կյանքի դրվագներից՝ բանտարկությունից, հացադուլից հետո ֆիլմն իրանցի ռեժիսորի առաջին աշխատանքն է: 2010 թվականին Իրանի դատարանը Ջաֆար Փանահիին դատապարտեց վեց տարվա ազատազրկման։ Դատավճռի համաձայն, Փանահիին արգելվում է ֆիլմեր նկարահանել, հարցազրույցներ տալ տեղական և միջազգային լրատվամիջոցներին և 20 տարով լքել Իրանը:
Իրանցի կինոռեժիսորը, որը տարիներ շարունակ հետապնդվել է իր երկրի իշխանությունների կողմից, իր քաղաքական թրիլերում ամփոփում է զոհերի և դահիճների հարաբերությունների անսպասելի շրջադարձերը անապատում: Դրանք համեմվում են սոցիալական խնդիրներով, Իրանում արգելված թեմաներով և, իհարկե, իրանական կինոյին խիստ բնորոշ մարդկային հասարակության մասին հումանիստական մտորումներով: Փանահին իր ֆիլմով քննադատում է Իսլամական Հանրապետությունը, մի քանի անգամ ձերբակալվել է և չի ստացել Իրանի իշխանությունների պաշտոնական թույլտվությունը՝ դրանք նկարահանելու համար: «Մի պարզ պատահար» ֆիլմով բացվեց նաև երևանյան 22-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը: Դեռ նախորդ տարի «Ոսկե ծիրանն» էր առաջին փառատոնը, որ հրավիրեց իրանցի ռեժիսորին: Իսկ այս տարի Փանահին իր այցով և հաղթանակած ֆիլմով ևս մեկ անգամ զարդարեց երևանյան փառատոնը: Երևանում Փանահիի հետ սպասված հանդիպումը վարեց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը:
Փանահին ցավում է, որ իր ֆիլմերից ոչ մեկն իր երկրի կինոթատրոններում չի ցուցադրվել, միայն մեկ ֆիլմ է ցուցադրվել, հետևաբար պատկերացում չունի, թե ինչպիսին է հասարակության վերաբերմունքն իր ֆիլմին:
«Բարեբախտաբար վերջին տարիներին հասարակության լայն խավերը կարող են իմ ֆիլմերը դիտել, և դա իմ համար երջանկություն է, որովհետև ես ֆիլմեր եմ նկարում, որ հասարակությունը դիտի: Աշխարհի բոլոր երկրներում, գոյություն ունի մի իրականություն՝ երկվություն, որ 95% ֆիլմերը հասարակության լայն խավերին են հետաքրքրում, իսկ 5%-ը կարելի է ասել տարօրինակ կերպար ունի: Կարծում եմ, որ բոլոր տեղերում է այդպես: Շատ բնական է, որ դուք մեր երկրի 5%-ին եք ծանոթ, իսկ 95%-ը տեղի հասարակությանն է հետաքրքրում, որոշները՝ որակյալ, որոշները՝ անորակ: Այսինքն դուք ծանոթ եք մեր երկրի 5%-ին միայն»,- ասում է Փանահին:
Կարեն Ավետիսյանը հետաքրքրվում է, իսկ ի՞նչ ազդեցություն ունեն «Օսկար» և «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակները Իրանի ներսում՝ կինոյի տեսանկյունից:
«Երբեմն շատ դրական են ընդունում երկրի ներսում, հուսադրում են, ոգևորվելու խանդավառվելու նպատակ է ստեղծվում: Իմ կարծիքով՝ ամենից կարևոր նշանակությունն այն է, որ երիտասարդների համար է դառնում հուսադրող, երիտասարդները լիցքավորվում են, որ իրենք էլ կարող են նկարել ֆիլմեր և հաջողել: Նրանք երիտասարդներ են, որոնք կայացման եզրին են: Առաջին անգամ, երբ Աբբաս Քիառոստամին «Ոսկե Արմավենու ճյուղ» շահեց, իսկ Ասղար Ֆարհադին «Օսկար», դա մեծ տոնախմբության էր վերածվել Իրանում: Իսկ այս տարի, մրցանակը ստանալուց առաջ ինձ զանգահարեցին իմ «ընկերները» և ասացին, որ շատ են ոգևորվել, և եթե ֆիլմը հաղթի՝ բանտարկյալները խոստացել են այդ առիթով մեծ տոնախմբություն կազմակերպել: Երբ մրցանակները հայտարարեցին՝ ես ասացի՝ ա՜խ, է՜յ, հոգուս մեջ մի զգացողություն կար, որ այդ հաղթանակը իմ հաղթանակը չէր, այլ այն բանտարկյալներինը, որոնք սպասում էին դրան և կոգևորվեին: Ահա թե ինչ նշանակություն ունի այդ հաղթանակը հասարակության տարբեր խավերի համար»:
Փանահիի համար ֆիլմի հաղթանակը ինքնանպատակ չէ, այլ հումանիստական մի ուղերձ, հոգու ճիչ, արձագանք մի մարտահրավերի, որին ինքն անձամբ է մասնակից եղել:
«Ես՝ որպես կինոգործիչ, այնքան երջանիկ եմ ինձ զգում, որ իմ երկրում կինոն կարողացել է այնպիսի տեղ գտնել, որ բանտախցում նստած բանտարկյալից մինչև անցորդները, մինչև կինոգործիչները և արհեստավարժ կինեմատոգրաֆիստները նույն զգացողությունն են ապրում կինոյի որևէ հաջողության համար»:
Կարեն Ավետիսյանի հարցին, թե ավելի շատ գնահատվա՞ծ է երկրի ներսում, թե՞ դրսում և արդյոք ափսոսանք ու տխրություն ունի՞ այդ առթիվ, ռեժիսորը պատասխանում է․
«Անկեղծ պետք է ասեմ, որ ես, ինչպես որևէ ցանկացած կինեմատոգրաֆիստ, երազում եմ, որ իմ ֆիլմն իմ երկրում ցուցադրվի և կապված լինի իմ հասարակության հետ»:
Իսկ ինչպե՞ս ստեղծագործել արվեստում արգելքների և գրաքննության պայմաններում, համակերպվե՞լ, թե՞ պայքարել:
«Եթե ֆիլմը, որ ես ցանկանում եմ նկարել, չեն թողնում, գտնում եմ նկարելու իմ ձևը, եզրը, որով չենթարկվեմ այդ սահմանափակմանը: Կարող եմ այդ կերպ գտնել ճանապարհը, չենթարկվել և նկարել ֆիլմ, որն ուզում եմ, ոչ թե ֆիլմ, որն ինձ պարտադրում են: Շատ իրանցի ռեժիսորներ ընտրեցին աքսորը, կամ էլ սփյուռքում են աշխատում, ոմանք էլ դատապարտվել են անգործության: Շատ կանայք հանեցին գլխաշորը և չենթարկվեցին ու մի քանի տարի է չեն աշխատում և չեն նկարահանվում: Ես ընտրել եմ պայքարելով դիմադրելու և ստեղծագործական ուղուն հավատարիմ մնալու իմ որոշումը»:
Բարու ու չարի սահմանին արդարության ու չարիքի անխուսափելիության մասին: Դրանց դրսևորումները կինոյում և առհասարակ, Փանահիի մոտեցումը.
«Բարին, չարը, լավը, վատը այդ ամենն արտացոլված է իմ վերջին ֆիլմում: Այսինքն ի՞նչ կպատահի, եթե հասարակարգերը փոխվեն, կտիրի՞ դաժանությունը, վրեժխնդրությունը, գուցե ֆիլմը, որը նկարել եմ, դա ապագայի ֆիլմ է, խոսում է ապագայի մասին: Ես երազում եմ, որ իմ երկրում դաժանությունը չդառնա եզր հարցերը լուծելու համար և իմ երկրում փոփոխություններն առանց վրեժխնդրության հաղթահարվեն, ներողամտություն ու բարությունը հաղթի: Ես՝ որպես ստեղծագործող, չեմ կարող ուզենալ, որ դաժանությունն ու վրեժը դառնան միջոց հաղթելու: Ես երազում եմ, որ իմ երկրում երեխաներն առանց դաժանության ապահով լինեն և շրջանցեն դաժանության շրջանակը: Բայց երբեմն դաժանությունն անխուսափելի է, դա հասարակության օրենքն է»:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 195